Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ճգնաժամի առաջին շորշոփները

Ճգնաժամի առաջին շորշոփները
13.02.2009 | 00:00

ՉՎՃԱՐՈՒՄՆԵՐ
Կարծես թե վերադառնում են այն ժամանակները, երբ Հայաստանի կառավարությունն ի վիճակի չէր ժամանակին վճարելու աշխատավարձերը: Թեև արդեն քանի տարի է այդ խնդիրը կարելի է լուծված համարել, սակայն խորացող տնտեսական ճգնաժամի պատկերին աշխատավարձերի ուշացումը բավականին լարված իրավիճակ է ստեղծել հասարակության ներսում` ուղղակիորեն առնչվելով հազարավոր մարդկանց կենսապահովման հետ:
Հասկանալի է, 2009-ի հունվարին պետեկամուտների կոմիտեի հարկային տեսչությունը թերակատարել է հարկերի հավաքագրման նախատեսված չափաբաժինը` 12 մլրդի փոխարեն պետբյուջե փոխանցելով ընդամենը 8,5 մլրդ դրամ: Ճիշտ է, այսպիսի իրավիճակ միշտ էլ դիտարկվել է ՀՀ-ում, քանի որ ամանորյա տոներից հետո բիզնես դաշտը պասիվ վիճակում է, սակայն տնտեսական զարգացումները ցույց են տալիս, որ հարկերի հավաքագրման վիճակը հաջորդ ամիսներին ևս դժվար է լինելու:
Խնդիրն այն է, որ արդեն իսկ ՀՀ-ում կան պետական հիմնարկներ, որոնք հայտնվել են աշխատավարձերի ուշացման դաշտում: Մասնավորապես, Արարատի մարզի Արտաշատի և Մասիսի բուժմիավորումների բազմաթիվ աշխատակիցներ չեն ստացել 2008 թ. դեկտեմբերի և սույն թվականի հունվարի առանց այն էլ չնչին 30-60 հազար դրամ աշխատավարձերը: Արտաշատի բուժմիավորման տնօրեն Ավիկ Պետրոսյանն այս առիթով մեր թերթին փոխանցեց, որ «2008 թ. դեկտեմբերի աշխատավարձը, համապատասխան ֆինանսավորում չլինելու պատճառով, դեռ չեն բաժանել: Ճիշտ է, դեկտեմբերի աշխատավարձը աշխատակիցներին սովորաբար վճարվում է մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը, սակայն այդ ժամանակահատվածում էլ գումարներ չեն հատկացվել, ամենայն հավանականությամբ կհատկացվեն մինչև փետրվարի 16-ը, և մարդիկ իրենց հասանելիքը միանվագ կստանան:
Մասիսի բուժմիավորման տնօրեն Գրիգորյանն էլ նույն հարցի առնչությամբ ասաց. «Հունվարին ֆինանսավորում դեռ չենք ստացել: Խնդիրն այն է, որ մենք գումարները ստանում ենք այն կատարողականների հիման վրա, որ ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան գործակալություն: Անցյալ տարվա դեկտեմբերին մեր կատարողականը ցածր է եղել, այդ պատճառով էլ ամբողջ գումարը չենք ստացել, իսկ հատկացվածն էլ սոցվճարների, դեղորայքի ձեռքբերման և սոցիալապես ամենաանապահով աշխատակիցներին կանխավճար է տրվել: Խոստացել են, որ, մինչև փետրվարի կեսը ներկայացրած կատարողականները հաշվի առնելով, կփակեն դեկտեմբեր-հունվար ամիսների աշխատավարձերի պարտքը»:
Իսկ առողջապահության նախարարի խորհրդական, հասարակայնության և մամլո պատասխանատու Վիոլետա Գևորգյանն էլ փոխանցեց, որ նախարարի հանձնարարականով մինչև դեկտեմբերի 30-31-ը բոլոր բուժհիմնարկների աշխատակիցների ճնշող մեծամասնությունը պետք է ստանար այդ ամսվա աշխատավարձը, մասնավորապես Մասիսի բուժմիավորման աշխատակիցներին աշխատավարձի 30 տոկոսի չափով կանխավճար էր տրամադրվել: Գումարների ուշացումը նա բացատրեց այն հանգամանքով, որ բուժհիմնարկներն ուշ են ներկայացրել իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ կատարողականները, այսինքն` դեկտեմբեր ամսվանը ներկայացրել են հունվարի 20-ին, այդ իսկ պատճառով գումարային հաշվարկներն ուշացել են, և ստացվել է, որ հասանելիք գումարները չեն փոխանցվել:
Սակայն բուժհիմնարկների կատարողականների առումով մենք տեղեկացանք, որ այդ մասով հատկացված գումարները շատ քիչ առնչություն ունեն բուն աշխատավարձի հետ, որը ֆիքսված գումար է: Իսկ հավելյալ գումարները կախված են այն բանից, թե քանի ծնունդ են ընդունել, քանի հիվանդ սպասարկել, և ըստ այդմ էլ աշխատակիցները, ընդունած ծնունդների կամ հիվանդների թվի հաշվարկով, հավելավճար են ստանում: Նշենք, որ հավելավճարների թեման էլ է հետաքրքիր, քանի որ Մասիսում, ասենք, մեկ ծնունդ ընդունելու համար բուժաշխատակիցը ստանում է 400 դրամ, իսկ Երևանում այդ թիվը զգալիորեն բարձր է:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2911

Մեկնաբանություններ